Saturday, November 10, 2012

Մի աթեիստ փիլիսոփայության պրոֆեսոր դասախոսություն էր կարդում Աստծո և գիտության հակադրության մասին: Նա դիմեց իր նոր քրիստոնյա ուսանողներից մեկին.
- Դու քրիստոնյա ես, այնպես չէ՞:
- Այո, - պատասխանեց ուսանողը:
- Հետևաբար դու հավատում ես Աստծուն…, - շարունակեց պրոֆեսորը:
- Միանշանակ:
- Աստված բարի՞ է:
- Իհարկե:
- Աստված ամենակարո՞ղ է:
- Այո:
-Իմ եղբայրը մահացավ քաղցկեղից, - շարունակեց պրոֆեսորը, - չնայած որ նա աղոթում էր Աստծուն, որ իրեն փրկի: Մեզանից շատերը գոնե կփորձեին ինչ-որ կերպ օգնել հիվանդին, սակայն Աստված դա չարեց, այդ դեպքում ինչպե՞ս կարելի է նրան բարի համարել:

Ուսանողը լուռ էր:
- Ոչինչ, կարող ես և չպատասխանել, - ասաց պրոֆեսորը, - հիմա ամեն ինչ նորից: Աստված բարի՞ է:
- Այո’
- Իսկ սատանան բարի՞ է:
- Ո’չ:
- Ո՞վ է ստեղծել սատանային:
- Աստված:
- Ճիշտ է: Հիմա ասա’ խնդրեմ, աշխարհում կա՞ չարություն:
- Այո:
- Չարն ամենուր է, այնպես չէ՞: Եվ մենք գիտենք, որ ամենը Աստված է արարել, ճի՞շտ է:
- Այո…
- Ուրեմն ո՞վ է չարությունը արարել…
Ուսանողը չպատասխանեց:
- Աշխարհը լի է հիվանդություններով, անբարոյականությամբ, ատելությամբ… ճի՞շտ է…
- Այո’, պարո’ն:
- Եվ ո՞վ է այդ ամենն արարել:
Ուսանողը պատասխան չուներ…
Պրոֆեսորը շարունակեց.
- Գիտությունն ապացուցում է, որ դու ունես հինգ զգայարան` շրջակա աշխարհը տարբերակելու և ուսումնասիրելու համար: Ասա’ ինձ երբևէ Աստծուն տեսե՞լ ես:
- Ոչ…
- Լսե՞լ ես:
- Ոչ:
- Երբևէ զգացե՞լ ես քո Աստծո համը, բույրը, շոշափե՞լ ես արդյոք նրան…
- Ոչ, պարոն, երբեք:
- Սակայն դու հավատում ես նրան…
- Այո…
- Ըստ փորձարարական, կիրառական ու ցուցադրական թեստի՝ գիտությունն ապացուցված է համարում, որ քո Աստված գոյություն չունի: Ի՞նչ կասես, - խորամանկ ժպտաց պրոֆեսորը:
- Ոչինչ, ես ընդամենը հավատում եմ…
- Հավատ… այո’, հենց դա է խնդիրը…
-Բարի, - շարունակեց ուսանողը, - իսկ ի՞նչ կասեք մթության մասին, արդյո՞ք գոյություն ունի մթությունը:
- Իհարկե, հապա էլ ի՞նչ է գիշերը, եթե ոչ մթություն:
- Ցավոք, Դուք իրավացի չեք, իրականում մթությունը լույսի բացակայությունն է: Լույսը կարող է լինել թույլ, պայծառ, անգամ` կուրացնող, բայց երբ այն չկա, մութ է: Փաստորեն այն, ինչ մենք մթություն ենք կոչում, ընդամենը լույսի բացակայությունն է: Իրականում մթություն գոյություն չունի, այլապես մենք կարող էինք այն նույնպես կառավարել, ինչպես լույսը: Ճի՞շտ է:
- Եվ ի՞նչ ես ուզում դրանով ասել, երիտասա’րդ:
- Այն, որ ձեր փիլիսոփայական մտքերը թերի են:
- Այսի՞նքն, պարզաբանի’ր:
- Պարզաբանեմ, - շարունակեց ուսանողը, - Դուք առաջնորդվում եք դուալիզմի հիպոթեզով: Դուք պնդում եք, որ կա կյանք և մահ, Բարի Աստված ու Չար Աստված: Դուք Աստծուն ներկայացնում եք սահմանափակ, կարծես նրան կարելի է չափել: Գիտե՞ք՝ գիտությունն էլ ունի առեղծվածներ. այն օգտվում է էլեկտրական հոսանքից ու մագնիսական ձգողությունից, սակայն մինչ օրս ո’չ տեսել է դրանք, ո’չ էլ կարողացել է մինչև վերջ բացատրել դրանց էությունը: Եթե մահը հակադրվում է կյանքին, այն դադարում է վերացական լինելուց, այնինչ` մահը ոչ թե կյանքի հակադրությունն է, այլ դրա բացակայությունը: Այժմ, խնդրեմ, պատասխանե’ք իմ հարցերին, Դուք Ձեր ուսանողներին սովորեցնում եք, որ նրանք կապիկներից են առաջացել, այնպե՞ս չէ:
- Ելնելով մարդու էվոլյուցիայի տեսությունից ` այո, այդպես եմ սովորեցնում:
- Իսկ այդ էվոլյուցիան Դուք Ձեր սեփական աչքերով տեսե՞լ եք, պարո’ն:
Պրոֆեսորը քմծիծաղով տարուբերեց գլուխը` հասկանալով, թե զրույցն ինչ ընթացք է վերցնում:
- Հետևաբար, - շարունակեց ուսանողը, - եթե ոչ ոք էվոլյուցիան իր ընթացքի մեջ չի տեսել ու չի կարող ապացուցել դրա իսկությունը, Դուք ներկայացնում եք ոչ թե գիտական փաստ, այլ` սեփական տեսակետը: Ուրեմն Դուք ոչ թե գիտնական եք, այլ քարոզիչ:
Դասասրանն աշխուժացավ:
- Կա՞ այս սրահում ինչ-որ մեկը, ով տեսել է մեր պրոֆեսորի ուղեղը:
Բոլորը ծիծաղեցին:
- Կա՞ այստեղ ինչ-որ մեկը, ով պրոֆեսորի ուղեղին դիպչել է, զգացել դրա հոտը կամ լսել է այն…. Փաստորեն, ոչ ոք նման փորձ չունի, հետևաբար ըստ փորձարարական, կիրառական ու ցուցադրական թեստի գիտությունը ապացուցված է համարում, որ Դուք ուղեղ չունեք, հարգելի’ պրոֆեսոր: Եվ այսքանն ապացուցելուց հետո ինչպե՞ս պիտի մենք վստահենք մեր դասը ձեզ…
Լսարանում քար լռություն էր տիրում: Պրոֆեսորն այլայլված դեմքով նայում էր ուսանողներին:
- Դու ընդամենը պիտի հավատաս իմ ուղեղի գոյությանը, երիտասա’րդ, - ասաց պրոֆեսորը:
- Այո’, պարո’ն, ես հենց դա նկատի ունեմ: Մարդու և Աստծո կապն էլ հենց հավատն է: Այն միակ ուժն է, որ երևույթները կյանքի է կոչում և պահում դրանց կապը…

ՀԳ. Այդ ուսանողը Ալբերտ Էյնշթեյնն էր…